Հռոմի Պապը կարծում է, որ Մերձավոր Արևելքում ու Ուկրաինայում ճգնաժամի հետևում սատանան է կանգնած։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Հունական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Սվյատոսլավ Շևչուկը, ով երկուշաբթի ներկա է եղել պոնտիֆիկոսի և արևելյան քրիստոնեական եկեղեցիների գերագույն արքեպիսկոպոսների ու պատրիարքների հանդիպմանը, փոխանցում է Rambler-ը:
«Արքեպիսկոպոսները և պատրիարքները կարճ ողջույնից հետո Պապին իրենց խոսքն են հայտնել իրենց ժողովուրդների անունից։ Վերջում, երբ Պապը ամփոփել է հանդիպման արդյունքները, նա ասել է. «Ես զարմացած եմ, թե ինչպես եք դուք բոլորդ և ձեր եկեղեցիները տառապում պատերազմներից՝ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում։ Գիտե՞ք ով է բոլոր պատերազմների, ցավի և ավերածությունների պատճառը։ Դա սատանան է։ Եվ ինչպիսի՞ն պետք է լինի մեր պատասխանը... Մեր պատասխանը պետք է լինի աղոթքը»,- հայտնել է Շևչուկը՝ Radio Vaticana-ի եթերում: