Մոսկվայի «Ռոլան» կինոթատրոնում տեղի է ունեցել Ցեղասպանության 100–ամյակի կապակցությամբ նկարահանված «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, հայտնում է NEWS.am-ը: Ֆիլմը պատմում է հինգ մարդասեր կանանց մասին: Ցուցադրությունը կազմակերպվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության և «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի աջակցությամբ:
Ցուցադրության սկզբին ողջույնի խոսքով հանդես են եկել ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը և Առնո Բաբաջանյան հիմնադրամի նախագահ Ա.Սարգսյանցը, ֆիլմի պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը:
Միջոցառմանը մասնակցեցին ՌԴ-ում հավատարմագրված մի շարք դիվանագետներ, այդ թվում նաև ՌԴ-ում Նորվեգիայի դեսպանը և ՌԴ-ում Շվեդիայի և Էստոնիայի դեսպանությունների խորհրդականները, ինչպես նաև հասարակական գործիչներ: