Ցեղասպանության տարիներին զինված ինքնապաշտպանության դիմած մուսալեռցի հայերի պատմությունը 20-րդ դարի ամենատպավորիչ դիմադրության պատմություններից մեկն է: Այս մասին գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքի սյունակագիր Սոներ Սերթը, փոխանցում է Թերթ.ամ-ը:
Թուրք սյունակագիրը Մուսա լեռան դիմադրության մասին խոսելիս կիրառում է ոչ թե թուրքական պաշտոնական պատմագրության մեջ ընդունված «ապստամբություն», այլ «ինքնապաշտպանություն» բառը:
Նա նշում է, որ Մուսա լեռան դիմադրության ժամանակ հայերի՝ վատ զինված լինելով մի ամբողջ իշխանական բանակի դեմ երկար ժամանակ դիմադրել կարողանալու պատճառներից մեկն էլ եղանակային բարենպաստ պայմաններն էին ու տեղի բնության բարիքներից օգտվելու հնարավորությունը:
Հոդվածում Սերթը նաև շեշտում է, որ 20-րդ դարասկզբին հայերի հետ տեղի ունեցածը ցեղասպանություն էր, որը, սակայն, սկիզբ էր առել դեռևս 19-րդ դարի վերջերից՝ տարբեր կոտորածների իրականացմամբ:
Հեղինակը նաև նշում է, որ կիլիկիահայության շրջանում առաջին հարվածը ստացել են Ադանայի հայերը: