Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի բացառիկ համերգները շարունակվում են։ Հոկտեմբերի 19-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան։ Ստեղծագործությունը Հայաստանում ներկայացվում է առաջին անգամ, հայտնում է Հայաստանի Հանրային Ռադիոն:
Հայաստանյան հանդիսատեսը կծանոթանա ծանր ռոք, ալտերնատիվ մետալ, արտ ռոք, ֆոլկ ռոք և այլ ժանրերում հանդես եկող Սերժ Թանկյանի սիմֆոնիկ գործին։ Ինքը` Թանկյանը, նշում է, թե իր համար պատիվ է, որ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարում է իր հեղինակած սիմֆոնիան:
Երաժիշտն ասում է, որ գրել է «Օրկան» մարդասիրության մասին խոսելու նպատակով, օրկային՝ խոյադելֆինին, համեմատելով մարդկանց հետ: Ստեղծագործության չորս բաժինները ներկայացնում են խոյադելֆինի կյանքի ճանապարհը:
Հոկտեմբերի 19-ին խաչատրյանական փառատոնի համերգի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կկատարի նաև Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Որպես մենակատար հանդես կգա վիրտուոզ դաշնակահար Լևոն Կարապետյանը։