Պաշտպանության բանակը կհամալրվի նոր ժամանակակից զինտեխնիկայով, կարվի առավելագույնը նրա պաշտպանողական և հարվածային ներուժի զարգացման ու կատարելագործման համար: Այս մասին հոկտեմբերի 16-ին, հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ երկրի նախագահի 2017-2020թթ. ծրագրի հիմնական դրույթների ներկայացմանը նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ, տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքէջից:
Իր ելույթում անդրադառնալով պետականաշինությանն ու բանակաշինությանը Արցախի Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է.
«Մեր պետականաշինության առանցքային ուղղություններից են բանակաշինությունը և անվտանգությունը: Այս երեք տարիների ընթացքում կշարունակեն իրականացվել բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանն ու զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը:
Բանակը կհամալրվի նոր ժամանակակից զինտեխնիկայով, կարվի առավելագույնը նրա պաշտպանողական և հարվածային ներուժի զարգացման ու կատարելագործման, մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման, հանրապետության զորահավաքային պատրաստականության կատարելագործման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ:
Բանակաշինության ռազմավարության հիմքում շարունակում է մնալ ակտիվ պաշտպանության գաղափարը: Մենք երբեք ագրեսոր չենք եղել և չենք լինելու, բայց կանենք ամեն ինչ մեզ սպառնացող հնարավոր բոլոր վտանգները ճիշտ ժամանակին չեզոքացնելու համար:
Պաշտպանության բանակն այսուհետ էլ կհանդիսանա մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման հիմնական երաշխավորը, տարածաշրջանում կայունության պահպանման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ապահովման ամենաազդեցիկ գործոններից մեկը»: