Հայ գրող Պետրոս Դուրյանի գերեզմանաքարը վերանորոգելուց հետո պատվանդանի մոտ ավելացվել է մարմարե գիրք, ինչն էլ մեծ աղմուկ է բարձրացրել Ստամբուլում:
Ինչպես փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական Kulturservis կայքին, լրագրող Սևան Դեյիրմենջյանն անդրադարձել է Պետրոս Դուրյանի գերեզմանաքարի վերանորոգման խնդրին՝ քննադատելով մարմարե գրքի տեղադրումը, որն ըստ հեղինակի, հետին պլան է մղում բուն գերեզմանը և աղավաղում 150-ամյա գերեզմանաքարի տեսքը։
Ստամբուլի հայ ճարտարապետների միության նախագահ Գևորգ Օզքարագյոզը նշել է, թե գերեզմանաքարը վերանորոգվել է Դավիթ Այնալըի կողմից, իսկ մարմարե գիրքը տեղադրվել է առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու։
Պոլսո հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը ևս հայտարարել է, թե մարմարե քանդակի տեղադրման մասին պատրիարքարանին որևէ մեկը տեղյակ չի պահել։
Հայտնի է, որ Պետրոս Դուրյանի գերեզմանաքարի վերանորոգումն իրականացվել է պոլսահայ Հրաչ Անուշավան Քըրմըզլյանի կողմից, իսկ վերանորոգման նախաձեռնությունը պատկանել է Ուսքյուդարի Սուրբ Խաչ եկեղեցու հիմնադրամի անդամներին։
Պետրոս Դուրյանի գերեզմանաքարի դիմաց դրված մարմարե գիրքը հանելու պահանջով ստորագրահավաք է սկսվել ստամբուլահայերի շրջանում։
Նշենք, որ մարմարե գրքի վրա տպված է Պետրոս Դուրյանի «Իմ մահը» բանաստեղծությունը հայերենով և թուրքերենով։