Սիրիայի խորհրդարանի խոսնակ Համուդ աս-Սաբահը, ելույթ ունենալով Միջխորհրդարանական միության ասամբլեայում, հայտարարել է, որ Սիրիայի Ժողովրդական խորհուրդը պետք է հետ կանչի Իդլիբ ուղարկած զորքերը:
«Սիրիայի խորհրդարանը դատապարտում է Թուրքիայի ներխուժումն Իդլիբ և կարծում է, որ դա երկրի քաղաքացիների անվտանգության համար սպառնալիք է: Սիրիայի խորհրդարանը պահանջում է թուրքական զորքերի դուրսբերումն առանց որևէ նախապայմանի», - հայտարարել է աս-Սաբահը:
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայի զինված ուժերը, հատելով Սիրիայի հետ սահմանը, մտել են սիրիական Իդլիբ նահանգի տարածք: Թուրքիայի Գլխավոր շտաբում այս կապակցությամբ հայտարարել էին, որ թուրք զինվորականներն այդպիսով սկսում են Իդլիբում հրադադարի ռեժիմի հետևելու համար դիտորդական կետերի ստեղծումը, ինչը նախատեսում է Սիրիայում հրադադարի պահպանման երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև ավելի վաղ Աստանայում ձեռք բերված համաձայնագիրը:
Վերջինիս համաձայն՝ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող Իդլիբ նահանգում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգը պետք է իրականացնեն երաշխավոր երեք երկիները միասին՝ հյուիսարևմտյան շրջաններում՝ թուրքական զորքերը սիրիական չափավոր ընդդիմության հետ միասին, հարավ-արևելյան շրջաններում՝ Իրանը, իսկ այս երկու հատվածների սահմանին՝ Ռուսաստանը: Դեէսկալացիայի գոտիների նպատակ է հրադադարի ռեժիմի արդյունավետության բարձրացումը, զինված բախումների դադարեցումը, մարդասիրական օգնության կազմակերպումը, տեղահանված բնակչության հետ վերադառնալու համար պայմանների ստեղծումը և հակամարտության խաղաղ կարգավորման համար պայմանների ստեղծումը:
Այսպիսով, չնայած Դամասկոսի պնդումներին, որ Թուրքիայի գործողությունները Սիրիայի տարածքում անօրինական են, իրականում համապատասխանում են Աստանայում ձեռք բերված պայմանավորվածություններին: Թերևս այս է պատճառը, որ պաշտոնական Դամասկոսն այս կապակցությամբ իր դժգոհությունը, ի տարբերություն «Եփրատի վահան» գործողության, այդքան կտրուկ չի արտահայտում (նախագահ Բաշար Ասադը, ԱԳՆ-ն այս կապակցությամբ չեն արտահայտվել դեռևս):
Նշենք, որ պաշտոնական Դամասկոսի համար Աստանայի համաձայնագրերн ընդհանուր առմամբ ընդունելի են. Ռուսաստանի և Իրանի կողմից Սիրիայում դեէսկալացիայի գոտիներում զորքերի տեղակայումը Դամասկոսում որևէ վրդովմունք չեն առաջացրել: Այդ համաձայնագրերի շրջանակում Իդլիբում թուրքական զինված գործողության նկատմամբ Դամասկոսի նման բացասական վերաբերմունքը թերևս բացատրվում է Թուրքիայի հետ բավականին լարված հարաբերություններով. Անկարան հանդես է գալիս Ասադի վարչակարգը տապալելու օգտին և ռազմաֆինանսական օգնություն է ցուցաբերում զինված ընդդիմությանը, այն դեպքում, երբ Իրանն ու Ռուսաստանն աջակցում են Դամասկոսին:
Իդլիբում թուրքական զինված գործողությունն ակնհայտորեն կոչված է վերականգնելու զինված ընդդիմության դիրքերը: Իդլիբը երկար ժամանակ գտնվում էր վերջիններիս վերահսկողության տակ, սակայն վերջին շրջանում ահաբեկչական խմբավորումները, պարտություններ կրելով Սիրիայի տարբեր հատվածներում, կենտրոնացել են հենց այդտեղ: Թուրքիայի համար կարևոր է, որ այստեղ հաստատվի իր հովանավորած ուժերի վերահսկողությունը՝ կանխելու համար քրդերի հնարավոր առաջխաղացումը և հետագայում ինքնավարություն ստեղծելու հավակնությունները: