ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հասնել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

09:48     17 հոկտեմբերի, 2017

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը և կոչ արել նրանց հասնել իրավիճակի խաղաղ կարգավորմանը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի խոսքերով, համաշխարհային կազմակերպության ղեկավարը «ողջունում է Ժնևում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումը»: «Նա ոգևորված է, որ նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացը խորացնելու և շփման գծում լարվածության նվազեցման լրացուցիչ քայլեր ձեռնարկելու համար», - ասել է Դյուժարիկը:

Գուտերեշն ընդգծել է, որ ՄԱԿ-ը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և կոչ է արել կողմերին բանակցությունների ընթացքում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնել:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայում բանակցություններ են անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ՝ քննարկելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: 


© armedia.am