Գերմանիայում գործող «Այլ որոշում» («Другое решение») հրատարակչությունը տպագրել է արցախցի գրող, լրագրող, թարգմանիչ Աշոտ Բեգլարյանի «Կյանքի ծարավը» (Жажда жизни) ռուսալեզու գիրքը, որում տեղ են գտել հեղինակի տարբեր տարիների գրված վիպակներն ու պատմվածքները:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ա. Բեգլարյանն ասել է, որ գրքում հիմնականում պատմվում է հայրենի երկրում տեղի ունեցած և շարունակվող պատերազմի մասին:
«Ստեղծագործությունների սյուժեներն իրական են. դրանց մեջ բազմակողմանիորեն ներկայացվում են պատերազմի և հետպատերազմյան տարիների իրադարձությունները: Ես չեմ սահմանափակվում միայն դեպքերի արտաքին նկարագրությամբ. աշխատում եմ խորապես թափանցել իմ հերոսների ներաշխարհը: Մասնակիցը լինելով հայրենիքի պաշտպանության վեհ գործին՝ գեղարվեստորեն ընդհանրացրել եմ իրադարձությունները, պատերազմը ներկայացրել հոգեբանական և սոցիալական տեսանկյուններից` ստեղծելով կյանքից վերցրած տիպական կերպարներ: Իմ հերոսները պայքարում են ոչ միայն պատերազմի և այլ չար դրսևորումների դեմ. նրանք նույնիսկ մարտահրավեր են նետում ճակատագրին»,-ասել է Ա. Բեգլարյանը: