Հայաստանը, Ռուսաստանն ու Բելառուսը որոշել են համատեղել ուժերը հանցավորության դեմ պայքարում։ Երեք երկրների քննչական մարմինների ղեկավարներն այսօր Հայաստանում ստորագրել են գործակցության հուշագիր ու քննարկել ժամանակակից մարտահրավերներն ու դրանց դեմ պայքարի միջոցները։
Երեք երկրների ուշադրության կենտրոնում են անդրսահմանային, համացանցային հանցագործությունները։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ զարգացման պայմաններում հատկապես լուրջ վտանգ է ներկայացնում դեռահասների կյանքին ու առողջությանը սպառնացող տեղեկությունը»,- համատեղ նիստում ասաց ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը` հավելելով, որ քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում են դեռահասներին ինքնասպանության մղող տեղեկությունները։
Իր հերթին, Բելառուսի ՔԿ նախագահ Իվան Նոսկևիչը հայտնել է, որ «կիբերտարածքի սրընթաց զարգացումը հանգեցրել է մի իրավիճակի, երբ սոցիալական կայքերում տեղ են գտնում մարդու հոգեբանության վրա բացասաբար ազդող տեղեկություններ։
«Դրանց թիրախում անչափահասներն են, որոնք արագ հակվում են դեպի սուիցիդը», - ասել է Նոսկևիչը։