Ռուսաստանից Հայաստան է բերվել նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացք, որն աշխատելու է Երևան-Գյումրի ուղղությամբ, հայտնում է «Արմենպրես»-ը:
Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության մամուլի խոսնակ Վարդան Ալոյանը նշում է, որ «հիմա այն թեստային փորձարկումներ է անցնում, որպեսզի հասկանանք, թե որքանով է հարմար Հայաստանի պայմաններին: Որոշակի ժամանակահատվածում կստուգվի գնացքի տեխնիկական վիճակը, կփորձարկվի, թե ինչքանով է այն հարմար Հայաստանի ռելիեֆային պայմաններին, երկաթուղային ճանապարհներին, ենթակառուցվածքների տեխնիկական հնարավորություններին: Այդ նույն գնացքից օգտագործում են նաև Ռուսաստանում, Ղազախստանում և որևէ խնդիր չի եղել: Կարծում եմ, որ մեզ մոտ էլ որևէ խնդիր չի լինի, և շուտով այն կսկսի աշխատել»:
Նա հավելեց, որ գնացքն ունի երկու վագոն` ընդհանուր 129 նստատեղով: Նրա խոսքով` Երևան-Գյումրի ուղղությամբ գնացքից օգտվողների թիվը սովորաբար չի գերազանցում 100-ը, ուստի այն շատ հարմար կլինի այդ ուղղությամբ աշխատելու համար:
Էլեկտրագնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Այն կահավորված է վերելակներով: Սայլակներով տեղաշարժվող ուղևորները դրանց օգնությամբ կարող են բարձրանալ և իջնել վագոններից:
Ալոյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ նոր էլեկտրական գնացքում կբացառվեն ծխելու դեպքերը, քանի որ այն ունի հակածխախոտային ազդանշանի համակարգ, որն անմիջապես ազդանշան կտա, եթե որևէ մեկը փորձի ծխել:
Եթե էլեկտրագնացքն իրեն արդարացնի, ապա առաջիկայում հնարավոր է Հայաստան բերվեն նորերը: