Վանում գործող Հարյուրերորդ տարի (Yüzüncü Yıl) համալսարանի Գրականության ֆակուլտետի Պատմության բաժնի դասախոս` դոկտոր Աբդուլազիզ Քարդաշը թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում առաջարկել է Վանում տրամվայ գործարկել` կենսագործելով «Վանրայ» նախագիծը: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` հղում կատարելով «Միլլիեթ» օրաթերթին:
Ըստ աղբյուրի` օսմանյան ժամանակաշրջանում Վանի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարած Աբդուլազիզ Քարդաշը նշել է, որ այդ ծրագիրը օսմանյան պետության կողմից նախատեսված էր դեռևս 1909-10 թվականներին:
Թուրք դասախոսը հայտնել է, որ Օսմանյան պետությունը ձգտում էր 70 հազարանոց բնակչություն ունեցող Վանում տրամվայի նախագիծ իրականացնել, և առաջարկել է այն հիմա իրագործել. «Օսմանյան պետությունը դրա մասին մտածել է 1909-10 թթ.` մոտ 70 հազար բնակչություն ունեցող Վանի վերաբերյալ: Այնինչ ներկայում Վանի բնակչությունը մեկ միլիոնից ավել է»,-ընդգծել է Աբդուլազիզ Քարդաշը:
Թուրք գիտնականը հայտնել է, որ Վանի ինքնապաշտպանությունից հետո Օսմանյան պետությունը չի կարողացել այդ նախագիծը կյանքի կոչել, և առաջարկել, որ այն իրականացվի` ներկայիս «Մարմարայ»-ի նման և կոչվի «Վանրայ»:
Քարդաշը նաև հայտնել է, որ օսմանյան ժամանակաշրջանում Վանը հայտնի է եղել իր հանքերով, հատկապես` նավթի և ածխի պաշարներով: