Եվրամիության կողմից օրերս հրապարակվեց Հայաստանի հետ նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի Հանրապետության միջև` մյուս կողմից», որի վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկայում: «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է տեղեկանքների շարք համաձայնագրում տեղ գտած ամենակարևոր և հանրային հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ:
Հետագայում, ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունները, անդրադարձ կկատարվի նաև այն հարցերին, որոնք այս շարքում ներառված չեն:
Քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանն առնչվող հարցերին Համաձայնգրում անդրադարձ է կատարվում փաստաթղթի Մաս III-ում՝ Հոդված 102-108: Ընդհանուր ծավալը՝ մոտավորապես 5 էջ:
Համաձայնագիրը հստակեցնում է ՀՀ-ԵՄ համագործակցության նոր շրջանակները՝ այդ թվում անդրադառնալով քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը: Մասնավորապես, քաղաքացիական հասարակության հետ համագործակցության շուրջ կողմերը պետք է հաստատեն երկխոսություն՝ ԵՄ-ում և ՀՀ-ում քաղաքացիական հասարակության բոլոր հատվածների միջև շփումները և տեղեկությունների ու փորձի փոխանակումն ամրապնդելու, ԵՄ-ում Հայաստանի, այդ թվում՝ դրա պատմության և մշակույթի մասին առավել շատ տեղեկացվածության, ինչպես նաև Հայաստանում ԵՄ-ի մասին պատկերացման ու ընկալման մակարդակը բարձրացնելու նպատակով: Բացի այդ, համաձայնագրով կողմերը պարտավորվում են խթանել երկու կողմերից քաղաքացիական հասարակության շահագրգիռ անձանց միջև երկխոսությունը և համագործակցությունը՝ ապահովելու քաղաքացիական հասարակության ներգրավումը ԵՄ և ՀՀ միջև հարաբերություններին, ընդլայնելու պետական որոշումների կայացման գործընթացին քաղաքացիական հասարակության մասնակցությունը և այլն: Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ կողմերի միջև պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։
Այս ոլորտին առնչվող հոդվածների մեջ նշվում է նաև, որ կողմերը պետք է ամրապնդեն և խրախուսեն միջսահմանային համագործակցության զարգացումը, ինչպես նաև անդրազգային և միջտարածաշրջանային ծրագրերի միջոցով ակտիվացնեն իրենց շրջանների միջև համագործակցությունը։