«Մարդկությունն աջակցում և մեծարում է հայ ժողովրդին». մեքսիկացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ

11:43     23 հոկտեմբերի, 2017

Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն, Կառլոս Էռնանդես Միրոն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ևՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ հոկտեմբերի 22-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս մասին ասվում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում: 

Մեքսիկացի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին և վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում։

Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը նշել է. «Ինձ համար պատիվ էր այցելել այս մեծ երկիրը, ճանաչել մի հերոսական ժողովրդի, որը մեծ հարգանք է վայելում աշխարհում։ Ես արդեն սիրում եմ Հայաստանը»։

Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն նշել է. «Մեր համակրանքն ու համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին»։

«Ատելությունը ձախողման ճանապարհն է»,- նշել է Կառլոս Էռնանդես Միրոն և հավելել, որ մարդկությունն աջակցում և մեծարում է հայ ժողովրդին։ 


© armedia.am