Իսրայելի նախագահի նստավայրում Ռաուլ Վոլենբերգի անվան միջազգային կազմակերպության (IRWF) կողմից կպարգևատրվեն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը և նրա քույրը՝ Աիդան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Շառլ Ազնավուրը և Աիդան կստանան Ռաուլ Վոլենբերգի մեդալ։ Պարգևատրման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին: Ազնավուրին կընդունի Իսրայելի նախագահը:
Ազնավուրներն այս պարգևին արժանանում են մարդասիրական մոտեցման համար: Փարիզում նացիստական օկուպացիայի տարիներին Շառլի և Աիդայի մայրը՝ Քնարը, հայրը՝ Միշան, ինչպես նաև հենց իրենք, այդ դժվարին շրջանում իրենց բնակարանում թաքցրել և փրկել են ֆաշիստների կողմից հետապնդվող հայերի, հրեաների` վտանգելով նաև իրենց կյանքը։
Շառլ Ազնավուրը միջոցառմանը ներկա կգտնվի որդու` Նիկոլասի, հետ: Նրանք էլ կընդունեն նաև Աիդայի մեդալը, որովհետև վերջինս չի կարողանա մասնակցել արարողությանը: