Եվրամիության կողմից օրերս հրապարակվեց Հայաստանի հետ նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի Հանրապետության միջև` մյուս կողմից», որի վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկայում: «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է տեղեկանքների շարք համաձայնագրում տեղ գտած ամենակարևոր և հանրային հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ:
Հետագայում, ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունները, անդրադարձ կկատարվի նաև այն հարցերին, որոնք այս շարքում ներառված չեն:
Համաձայնագրի Մաս V-ի Գլուխ 22-ը (Տարածաշրջանային զարգացումը, միջսահմանային և տարածաշրջանային մակարդակով համագործակցություն) նախատեսում է, որ կողմերը պետք է խթանեն տարածաշրջանների զարգացման քաղաքականության ոլորտում փոխադարձ ըմբռնումը և երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ տարածաշրջանային քաղաքականությունների ձևավորման և իրականացման մեթոդները, բազմամակարդակ կառավարումը և գործընկերությունը՝ առանձնահատուկ շեշտադրելով անբարենպաստ վիճակում գտնվող տարածքների զարգացումը։ Գլուխը կազմված է չորս հոդվածից (ընդհանուր ծավալը՝ 3 էջ):
Նշվում է, որ կողմերը պետք է համագործակցեն բազմամակարդակ կառավարման գործընթացի ամրապնդման, տարածաշրջանային զարգացման գործընթացում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի միջև գործընկերության ամրապնդման և տարածաշրջանային զարգացման ծրագրերի նպատակով:
Կողմերը պետք է աջակցեն և ամրապնդեն տարածաշրջանային քաղաքականության շուրջ համագործակցությանը, այդ թվում՝ միջսահմանային համագործակցությանը և դրանց առնչվող կառավարման կառույցներում տեղական ու տարածաշրջանային մակարդակի իշխանությունների ներգրավվածությունը, խթանեն միջսահմանային ու տարածաշրջանային տնտեսական և գործարար կապերի ամրապնդումը։
Նախատեսվում է համագործակցություն տարածաշրջանային զարգացման և հողօգտագործման պլանավորման ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառույցների ինստիտուցիոնալ և գործառնական հնարավորություններն ամրապնդելու համար:
Կողմերն անդրազգային և միջտարածաշրջանային ծրագրերի միջոցով պետք է ակտիվացնեն իրենց շրջանների միջև համագործակցությունը՝ խրախուսելով Հայաստանի Հանրապետության շրջանների մասնակցությունը Եվրոպական տարածաշրջանային կառույցներում և կազմակերպություններում և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման միջոցով խթանելով դրանց տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացումը։