Նոյեմբերին նախատեսվում է Ռուսաստանում հայկական մշակույթի օրեր անցկացնել։ Այս մասին հոկտեմբերի 24-ին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ, ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է NEWS.am-ը:
ՀՀ վարչապետի խոսքով՝ կողմերը աճի հսկայական հնարավորություններ են արձանագրել, քննարկել են համատեղ ներդրումային և համագործակցության խորացման այլ նախագծերի իրականացման հնարավորությունները։
ՌԴ վարչապետը նշել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի արտաքին տնտեսական գլխավոր գործընկերը։ Երկկողմ ապրանքաշրջանառությունն աճել է և՛ 2016-ին, և՛ 2017-ի սկզբից։
«Մեր բոլոր համատեղ ձեռնարկություններն աշխատում են բոլոր ոլորտներում՝ բարձր տեխնոլոգիաներ, էներգետիկա, շինարարություն, հեռահաղորդակցություն։ Մենք ապագայի պլաններ ենք կազմել։ Զարգանում է համագործակցությունը նաև հումանիտար ոլորտում։ Մենք պատրաստվում ենք Ռուսաստանում հայկական մշակույթի օրեր անցկացնել նոյեմբերին։ Կան նաև մի շարք նոր նախագծեր»,– ընդգծել է Մեդվեդևը։