Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատավարձը կբարձրանա 10.7 տոկոսով` 3776 թուրքական լիրայով (1019 դոլար):
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Sozcu» թերթի կայքին՝ այս փոփոխությունը նախատեսված է 2018 թվականի նախագահականի բյուջեով:
Այսպիսով 2018 թվականի հունվարից Էրդողանը 35 295 լիրայի (9530 դոլարի) փոխարեն կստանա 39 071 լիրա (10 550 դոլար) մաքուր ամսական աշխատավարձ: Թուրքիայի նախագահի տարեկան աշխատավարձը կկազմի 468 852 լիրա (126 597դոլար).
Կատարվելիք փոփոխության արդյունքում կբարձրանան նաև Թուրքիայի նախկին նախագահների կենսաթոշակները: Նախկին նախագահներ Աբդուլլահ Գյուլի և Ահմեթ Նեջդեթ Սեզերի մաքուր կենսաթոշակները կբարձրանան 2300 լիրայով (621 դոլար)՝ կազմելով ամսական 23 600 լիրա (6372 դոլար):
Նոր բյուջեի համաձայն՝ նախկին վարչապետների կենսաթոշակները ներկայիս 15.973 լիրայից (4312 դոլար) կբարձրանա 17 682 լիրայի (4 774 դոլար):