ԱՄՆ-ում բնակվող սփյուռքահայ բանաստեղծուհի Սոնա Վանն այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը պատմել է, թե Ցեղասպանության զոհերին նվիրված իր գիրքն ինչպես են առգրավել Թուրքիայում: Այս մասին հաղորդում է Sputnik Արմենիան:
Բանաստեղծուհու խոսքով՝ անցած տարի թուրքական կառավարությունն առգրավվել է իր գրքերը, որը տպագրել է հրատարակիչ Ռահիփ Զարաքօղլուն։ Այսօր նա իր գործունեության համար հետապնդումների է ենթարկվում Թուրքիայում։
«Իմ պոեզիան դուր եկավ տաղանդավոր թարգմանիչ, թուրքագետ Հակոբ Չաքրյանին, և նա որոշեց իմ բանաստեղծությունները թարգմանել թուրքերեն։ Ստեղծագործություններն ուղարկեց «Բելգե» հրատարակչություն, որի ղեկավարը Ռահիփ Զարաքօղլուն է»,- ասել է Սոնա Վանը։
Ըստ նրա` Զարաքօղլուն համարձակվեց հայտարարել, որ անձամբ կխմբագրի ու կհրատարակի Ցեղասպանության մասին գիրքը։
«Եվ նա ստանձնեց այդ գործը։ Շատ լավ նախաբան գրեց, և գիրքը հրատարակվեց 1500 տպաքանակով, այն դեպքում, որ իմ մյուս գրքերը տպագրվել էին 1000 օրինակով։ Թուրքիայում հայերը շատ են, բայց ես ոչ միայն կենտրոնացել էի հայ ընթերցողի, այլև թուրք մտավորականության վրա», -նշել է նա:
Գրքի հրատարակումից հետո բանաստեղծուհին պետք է մեկներ Ստամբուլ` տեղի մտավորականության հետ հանդիպելու համար։ Զարաքօղլուն ինքն էր կազմակերպել միջոցառումը, սակայն հանդիպումն այդպես էլ չկայացավ…
«Որոշակի վախ ունեի, բայց ես սպասում էի այդ հանդիպմանը, ուզում էի որոշ հարցեր բարձրացնել այդ մարդկանց ներկայությամբ։ Սակայն իմացա, որ Էրդողանի հրամանով երեք հրատարակչատուն են փակել, որոնցից մեկն էլ «Բելգեն» էր, իսկ իմ գրքերն էլ առգրավվել էին»,- ասաց Վանը։
Նրա խոսքով, առգրավումից առաջ գրքի 100 օրինակ ուղարկվել էր Երևան, սակայն 1400 օրինակ մնացել էր հրատարակչատանը։
«Այժմ հայտնի չէ, թե որտեղ է Զարաքօղլուն, ես էլ էի ուզում գտնել նրան, օգնություն առաջարկել»,- ասել է բանաստեղծուհին։