«Հայաստան-Ուկրաինա խորհրդարանական բարեկամական խմբի և մեր գործընկերների անունից դատապարտում ենք երեկ Ուկրաինա-Հայաստան խմբի ղեկավարի դեմ Կիևում իրականացված մահափորձը», - այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, բարեկամական խմբի ղեկավար Կարեն Բեքարյանը։
«Կան վիրավորներ և մեկ զոհ։ Ցավակցում ենք զոհի ընտանիքին ու հարազատներին, վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Իգոր Մոսիյչուկն այժմ գտնվում է հիվանդանոցում։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի բարեկամ ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և կայունություն», - ասաց Բեքարյանը։
Հիշեցնենք, հոկտեմբերի 25-ի երեկոյան Կիևի «Էսպրեսսո» հեռուստաալիքի շենքի մոտ իրականացված պայթյունը որակվել է որպես ահաբեկչություն: Ինչպես տեղեկացնում էր Интерфакс-ը, պայթյունի հետևանքով տուժել Է հինգ մարդ, նրանցից մեկը՝ Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկի թիկնապահը, մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Ավելի ուշ Ուկրաինայի Ավտանգության խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել է, որ մահացել է ևս մեկ քաղաքացի, ով պատահաբար եղել է դեպքի վայրում: Մոսիյչուկն ինքը բեկորային բազմաթիվ վերքեր է ստացել, նրան վիրահատել են: Ծանր վիրավորված Է նաև ուկրաինացի քաղաքագետ Վիտալի Բալան: Ըստ Ուկրաինայի ՆԳ նախարարության տեղեկատվության՝ պայթուցիկ սարքը, որն ամրացված Է եղել կայանված մոտոցիկլետին, գործել է, երբ Մոսիյչուկը դուրս էր գալիս «Էսպրեսսո» հեռուստաալիքի գրասենյակից: