ՆԱՏՕ. ռուսական С-400 համակարգերի գնումը կխանգարի Թուրքիային ինտեգրվել դաշինքին

10:13     27 հոկտեմբերի, 2017

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար գեներալ Պյոտր Պավելը նախազգուշացրել է Թուրքիային այն հետևանքների մասին, որոնց նա կարող է բախվել ռուսական С-400 համակարգեր ձեռքբերելու դեպքում, հայտնում է Lenta.ru-ն:

Զինվորականի խոսքով, ռուսական համակարգերի գնումը կխանգարի Անկարային ինտեգրվել դաշինքի հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգին: «Ինքնիշխանության սկզբունքն անկասկած գործում է ռազմամթերքներ ձեռքբերելիս: Սակայն այս դեպքում երկիրը պետք է կրի նաև այն ռիսկերը, որոնց նման քայլը կարող է հանգեցնել», - հստակեցրել է Պյոտր Պավելը:

Նա հավելել է, որ քանի դեռ Անկարան վերջնական չի ստորագրել Մոսկվայի հետ համաձայնագիրը, դաշինքի շրջանակներում անհրաժեշտ է անցկացնել քննարկումներ վերոնշյալ գործարքի նպատակահարմարության վերաբերյալ: 


© armedia.am