Օրերս Մինսկի խմբի նորանշանակ ԱՄՆ համանախագահ Էնդրյուն Շեֆերը հանդես եկավ հայտարարությամբ`մեկնաբանելով այս ամիս Ժնևում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ուշագրավ է այն, որ իր մեկանաբանության մեջ, անդրադառնալով հանդիպումից հետո Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածված հաղորդագրությանը, Շեֆերը, ըստ էության, բացեց հայտարարության մեջ տեղ գտած որոշ դրույթների փակագծեր:
Մասնավորապես, կողմերին կոչ անելով հարգել հրադադարի պահպանման ռեժիմը` ԱՄՆ համանախագահը կարևորեց նախկին պայմանավորվածությունների կատարումը` հատուկ ընդգծելով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները: Ժնևի հանդիպումից հետո տարածված հայտարարությունից հետո, որտեղ կողմերին կոչ է արվում ձեռնարկել հավելյալ միջոցներ՝ նվազեցնելու լարվածությունը սահմաններին, ԱՄՆ համանախագահի նման շեշտադրումը բավական կարևոր է և ոչ պատահական: Այն փաստորեն հաստատում է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները դեռևս շարունակում են մնալ օրակարգում:
Այս առումով պատահական չէր նաև Ռուսաստանի ԱԳ նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովայի կողմից երեկ արված հայտարարությունը, առ այն, որ իրենք ողջունում են «շփման գծում լարվածության թուլացմանը միտված լրացուցիչ քայլեր ձեռնարկելու կողմերի հայտարարված պատրաստակամությունը»:
Իհարկե, համանախագահների կողմից այս հարցում դրսևորած նման հետևողականությունը դրական է: Սակայն, փաստը է, որ սահմաններին շարունակում են կրակոցներ հնչել՝ խլելով մարդկային կյանքեր: Սա համանախագահների համար պետք է լուրջ ազդակ հանդիսանա, որպեսզի նրանք ավելի ակտիվ և հետևողական աշխատանքներ տանեն սահմաններին լարվածության նվազման ուղղությամբ՝ օրակարգ բերելով այլ առաջարկներ, ինչպես օրինակ՝ կողմերի միջև ուժի չկիրառման նոր եռակողմ համաձայանագրի կնքումը, դիպուկահարարներին դուրսբերումը սահմանային գոտուց և այլն: