Ամեն տարի հոկտեմբերի 28-ին նշվում է Անիմացիայի միջազգային օրը, որը հիմնվել է Անիմացիոն կինոյի միջազգային ասոցացիայի ֆրանսիական բաժանմունքի (ASIFA) նախաձեռնությամբ 2002-ին՝ առաջին անիմացիոն տեխնոլոգիայի հրապարակային ներկայացման 110-րդ տարեդարձի կապակցությամբ։
1892-ի հոկտեմբերի 28-ին, Փարիզում նկարիչ ու գյուտարար Էմիլ Ռեյնոն հանդիսատեսին ներկայացրել էր նոր՝ մինչ այդ անհայտ տեսարան՝ «օպտիկական թատրոն»:
Տաղանդավոր գյուտարարն առաջին անգամ հրապարակավ ներկայացրել էր իր պրակսինոսկոպ սարքը, որը ցույց էր տալիս շարժվող նկարներ։ Հիմա մենք այդ իրադարձությունը կանվանեինք ժամանակակից մուլտֆիլմերի նախակերպարի ծնունդ, ու հենց այդ օրն է հիմա համարվում անիմացիոն կինոյի դարաշրջանի սկիզբը։ Շատ երկրներում տոնական իրադարձությունները սկսվում են հոկտեմբերի 28-ից մի քանի օր առաջ։
Անիմացիայի միջազգային տոնի նախօրեին անիմացիոն կինոյի բոլոր մասնագետներն ու սիրահարները պատմում են իրենց նոր ծրագրերի մասին ու կազմակերպում պրեմիերաներ հանդիսատեսի համար, որը մի ամբողջ տարի սպասում է այդ իրադարձությանը։