ԵԱՏՄ-ն արտաքին կապերի զարգացման 7 վեկտոր ունի. առաջին տեղում Չինաստանն է: Չինաստանի հետ առևտրա-տնտեսական համաձայնագրի բովանդակային մասն Եվրասիական տնտեսական հանձնաժողովն արդեն մշակել է և համաձայնագիրը փոխանցել է ԵԱՏՄ անդամ 5 երկրների համաձայնեցմանը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն Եվրասիական զարգացման բանկի կազմակերպած «Եվրասիական ինտեգրացիա. լճացո՞ւմ, թե՞ զարգացում» խորագրով միջազգային 12-րդ համաժողովի ժամանակ:
«Արտաքին կապերի զարգացումը մենք դիտարկում ենք որպես մեր տնտեսական տարածքի ընդլայման հնարավորություն», - նշել է նա:
Խոսելով առաջնահերթ երկրների հետ կապերի ընդլայման գործընթացի մասին՝ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծմանը:
«Բովանդակային մասով մենք ավարտել ենք բանակցություններն նաև Իրանի հետ: Ապրանքաշրջանառությունն արդեն մի քանի անգամ ավելացել է, մեր ձեռնարկատերերը ներդրումների հնարավորություններ են տեսնում: Ակնհայտ է, որ մենք այնտեղ հետաքրքրություններ ունենք», - նշել է Սարգսյանը:
Նա դրական է գնահատել Վիետնամի հետ ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագրի կատարումը, հաջորդ ուղղությունն է՝ Սինգապուրը: Մյուս առաջնահերթ երկրներն են Հնդկաստանը, Եգիպտոսը և Իսրայելը: