Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովի հետ, հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխհամագործակցության հեռանկարները` ընդգծելով, որ երկու երկրների միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Համագործակցության աշխուժացման հարցում զրուցակիցներն անհրաժեշտ են համարել փոխայցերի ակտիվացումը և տարբեր միջազգային հարթակներում հանդիպումները:
Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը. այս հարցում մեծ դեր է վերապահվել հայ-տաջիկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովին և հայ-տաջիկական գործարար համաժողովին:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրել է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը և Ռոմիկ Մանուկյանը: