Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գաղտնի փաստաթղթեր է հրապարակել 1963 թվականին ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ: Այդ առիթով նա նշել է. «Ամերիկայի հասարակությունն ակնկալում է կառավարությունից հանրության համար հնարավորինս հասանելի դարձնել Նախագահ Ջոն Քենեդու մահվան հանգամանքները, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն այս առանցքային իրադարձության բոլոր կողմերին: Հետևաբար ես այսօր կարգադրում եմ, որ փակագծերը վերջապես բացվեն», - ասել է Թրամփը:
Ինչո՞ւ հիմա: Ժամանակը բնավ պատահական չէ ընտրված, և դա ուղղակիորեն կապված չէ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի անձի հետ: 1992 թ.-ին ԱՄՆ Կոնգրեսը միաձայն ընդունել է Քենեդու սպանության մասին ակտը, որը նույն թվականին ստորագրվել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի կողմից, և որը նպատակ ուներ ապահովել Քենեդու սպանության շուրջ 25 տարի ձգվող գործի թափանցիկությունը: Օրենքը պարտադրում է, որ սպանության հետ կապված իշխանության մոտ առկա բոլոր փաստաթղթերը հրապարակվեն 25 տարվա ընթացքում: Փաստաթղթերի ամբողջական բացահայտման վերջնաժամկետն, ըստ ակտի, 2017 թ.-ի հոկտեմբերի 26-ն էր:
Նախագահ Դոնալդ Թրամփը Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ հրապարակել է ավելի քան երեք հազար մինչ օրս գաղտնի պահվող փաստաթուղթ, սակայն հարյուրավոր փաստաթղթեր հետ են ուղարկվել, չնայած օրենքին, որը պարտադրում է դրանք հրապարակել: Մեկնաբանելով սա՝ Թրամփը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի որոշ գործակալություններ խնդրել են, որ որոշ փաստաթղթեր գաղտնի պահվեն «ազգային անվտանգության, իրավապահության և արտաքին գործերի հետ կապված խնդիրների պատճառով», հաղորդում է Aljazeera-ն:
Նախագահն ավելացրել է, որ այդ փաստաթղթերը կվերանայվեն, և այն տեղեկությունը, որը կարող է ազդել ազգային անվտանգության վրա, չի հրապարակվի: «Այսօր ես ոչ մի ընտրություն չունեմ, և ընդունում եմ այդ վերապահումները՝ մեր ժողովրդի անվտանգությանն անդառնալի վնաս չհասցնելու համար», - ասել է նա: Ըստ ամերիկյան օրենսդրության՝ դաշնային գործակալությունները, ինչպիսիք են ԿՀՎ-ն և ՀԴԲ-ն, կարող են վիճարկել նման փաստաթղթերի հրապարակումը, սակայն այդ դեպքերում վերջին խոսքը նախագահինն է:
Հատկանշական է, որ Քենեդու սպանության շուրջ Ակտն ընդունվել է Կոնգրեսի կողմից 1991 թ.-ին՝ Օլիվեր Սթոունի նկարահանած վիճահարույց Ֆիլմից հետո: Ֆիլմը ուսումնասիրում է Ջոն Քենեդիի մահվան հանգամանքները (հայտնի ֆիլմի հոլովակը ներկայացված է կից):
Այն բանից հետո, երբ Քենեդին 1963 թ.-ի նոյեմբերին Դալլասում սպանվեց իր մեքենայի մեջ Լի Հարվի Օսվալդի արձակած կրակոցից, շատ վարկածներ են առաջ քաշվել առ այն, թե ով է իրականում պատվիրել սպանությունը: Այդ վարկածները մեղադրում են ռուսներին, կուբացիներին և նույնիսկ ԿՀՎ-ին: Քենեդու սպանության նման տեսակետներ հայտնվել են այն բանից հետո, երբ բացահայտվել է, որ սպանությունից ընդամենը մի քանի շաբաթ առաջ Օսվալդը Մեքսիկաում եղած ժամանակ՝ այցելել է ԽՍՀՄ-ի և Կուբայի դեսպանատներ:
Տարիների ընթացքում հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիների ավելի քան 60 տոկոսը չի հավատում այն պաշտոնական վարկածին, թե Լի Հարվի Օսվալդն Քենեդուն սպանությունը ծրագրել է ինքնուրույն:
Նշենք նաև, որ գաղտնի փաստաթղթերի հրապարակումը Դոնալդ Թրամփի համար որոշակի դրական ազդեցություն կարող է ունենալ: Նախ նա չի խոչընդոտում փաստաթղթերի հրապարակմանը, ինչը դրական է անդրադառնում նրա վարկանիշի վրա, և երկրորդ, այդ գաղտնի փաստաթղթերի շուրջ առաջացած աղմուկը կարող է ինչ-որ կերպ մեղմել ներկայիս ԱՄՆ նախագահի հանդեպ տևական դիմադրությունը: