Հայաստանի և Սիրիայի միջև առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով հոկտեմբերի 29-ից 31-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը եղել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում, հաղորդում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի վարչությունը:
Հոկտեմբերի 29-ին պատվիրակությանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Իմադ Խամիսը: Ողջունելով հյուրերին՝ Իմադ Խամիսը նշել է, որ պատերազմի հետևանքով երկար դադարից հետո հայկական պատվիրակության այցը Սիրիա մեծ իրադարձություն է երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների համատեքստում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Կարայանը վստահություն է հայտնել, որ իր այցը նոր լիցք կհաղորդի ճգնաժամի պատճառով որոշակի հետնահանջ ապրած հայ-սիրիական երրկողմ համագործակցությանը՝ հիմք հանդիսանալով հետագա համատեղ արդյունավետ աշխատանքների նախագծման և իրականացման համար: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը նշել է, որ Հայաստանի փորձառությունն ու ներուժը կարող են օգտակար լինել սիրիական կողմին՝ ավերածության ենթարկված տնտեսության տարբեր բնագավառների վերականգնման հարցերում, և որ Հայաստանը պատրաստ է տրամադրել նման աջակցություն բարեկամ Սիրիային: Նա հավելել է, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ սիրիական արտադրանքը միջազգային շուկաներում ներկայացնելու համար:
Նախարար Կարայանը վստահեցրել է նաև, որ, անհրաժեշտության դեպքում, Հայաստանը կարող է սիրիական կողմին տրամադրել բարձրորակ մասնագետներ՝ նախագծման, շինարարության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:
Վարչապետ Խամիսը ողջունել է հայկական կողմի պատրաստակամությունը մասնակցելու Սիրիայի վերականգնման ծրագրերին և ընգծել, որ Սիրիան մեծապես հետաքրքրված է տեսնել հայկական ապրանքներն իր շուկայում՝ միաժամանակ վստահեցնելով, որ հայ արտադրողները կօգտվեն լայն արտոնություններից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսման հնարավորությունը: