Մոսկվան մոտ ժամանակներում գործող պայմանագրի շրջանակներում Հայաստանին կմատակարարի զենքի նոր խմբաքանակ, 100 մլն դոլարի վարկային նոր համաձայնագրի իրականացումը կսկսվի միայն միջպետական բոլոր համաձայնեցումներից հետո, РИА Новости-ին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մինչև տարեվերջ մենք պետք է իրականացնենք դեռ նախորդ համաձայնագիրը: Մոտ օրերս մենք սպասում ենք նոր մատակարարումների և մինչև տարեվերջ կփակենք նախորդ համաձայնագրի հետ կապված բոլոր հարցերը», - հայտարարել է Սարգսյանը:
2015 թվականի հունիսին Ռուսաստանի հետ համաձայնագիր էր ստորագրվել ռուսական արտադրության զինամթերք ձեռք բերելու նպատակով Հայաստանին 200 մլն դոլարի վարկ տրամադրելու մասին։
«Մենք Երևանում արդեն ստորագրել ենք պայմանագիր, որը պետք է անցնի հայկական ու ռուսական համապատասխան ատյաններով, այնուհետև՝ վավերացվի։ Դրանից հետո մենք կսկսենք աշխատել ռուսական արտադրողների հետ։ Ցավոք, դա շատ արագ տեղի չի ունենա»,- ասել է Հայաստանի նախագահը։