Մոլդովայի Հանրապետության Սահմանադրական դատարանը դրական եզրակացություն է տվել երկրի Գերագույն օրենքի 13-րդ հոդվածի փոփոխության առաջարկի հետ կապված, որով նախատեսվում է ռումիներենը սահմանել Մոլդովայի Հանրապետության պետական պաշտոնական լեզու՝ մոլդովերենի փոխարեն: Եզրակացությունը վերջնական է, ենթակա չէ բողոքարկման և ուժի մեջ կմտնի հաստատման օրը: Նախագիծը պետք է ներկայացվի խորհրդարան` հաստատման համար, հայտնում է ZN.ua-ը:
Հարցը լայն արձագանք է ստացել: Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետն իր ֆեյսբուքյան էջում այսպես է մեկնաբանել Սամնադրական դատարանի որոշումը. «Զարմանալու կարիք չկա, քանի որ Մոլդովայի Սահմանադրական դատարանի 6 անդամներից 5-ը անձնագրով ռումինացի են»:
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն էլ իր հերթին անընդունելի և անօրինական է համարում պետական լեզուն մոլդովերենից ռումիներեն փոխել: Նա առաջարկում է հանրաքվե անցկացնել: Դոդոնը նաև հիշեցնում է, որ մոլդովերենը մոլդովական ժողովրդի պատմական լեզուն է, և՛ հասարակական կարծիքի հարցումներում, և՛ միջնադարյան արխիվային փաստաթղթերում հիշատակվում է որպես երկրի պետական լեզու: Նրա խոսքով, «մոլդովերենը» դարեր շարունակ օգտագործվել է երկրի տարածքում, լինելով մոլդովացիների ինքնության և մշակույթի հիմնարար տարրը»:
«Մոլդովայի բնիկ ժողովրդի ճնշող մեծամասնությունը կարծում է, որ խոսում է մոլդովերեն: Եթե որևէ մեկը կասկածի տակ է դնում այդ փաստը, մենք կարող ենք հանրաքվե անցկացել, որի ընթացքում քաղաքացիներին կհարցնենք թե ինչ լեզու են նախընտրում`ռումիներե՞ն թե՞ մոլդովերեն», - ասել է Դոդոնը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ Մոլդովայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցությունն է առաջարկել փոփոխության ենթարկել Սահմանադրությունը, որը նախատեսում է պետական լեզվի անունը փոխել «մոլդովերենից» «ռումիներենի»: Որը կարելի է համարել տրամաբանական շարունակությունը 2016թ. մարտին Քիշնևում անցկացված «վերամիավորման երթի», որին մասնակցում էին հազարավոր մարդիկ: Ակցիայի մասնակիցները Մոլդովայի և Ռումինիայի միավորումը համարում էին Եվրամիության հետ մերձեցման ուղղված քայլ:
Նշենք, որ մոլդովերեն և ռումիներեն լեզուները նույնական են: Նրա անվանափոխության հարցը ավելի շատ քաղաքական երանգ ունի: Մոլդովայի նախագահը ցանկանում է պահպանել լեզվի նախկին անվանումը, որն ավելի մոտ է «ռուսական աշխարհին», այն դեպքում, երբ Խորհրդարանը ցանկանում է անցում կատարել ավելի շատ եվրոպական անվան: