Վերջերս կայացած Չինաստանի ԿոմԿուսի 19-րդ համագումարում ամրագրվեցին առաջիկա տասնամյակներում այդ երկրի զարգացման հիմնական ուղղությունները: Այսպես, Չինաստանի ղեկավարությունը որպես առաջնահերթություն է սահմանել կենտրոնական իշխանության ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարը, զինված ուժերի արդիականացումը և տնտեսության զարգացումը: Չինաստանի առաջնորդ, Կոմունիստական կուսակցության ղեկավար Սի Ծինփինը Չինաստանի Կոմունիստական Կուսակցության XIX համագումարի ժամանակ հռչակեց «չինական առանձնահատկություններով սոցիալիզմի կառուցման նոր դարաշրջանը»: Ընդ որում, այս հայեցակարգը ստացվա գաղափարի կարգավիճակ և ամրագրվեց կուսակցության կանոնադրությունում: «Չինական առանձնահատկություններով սոցիալիզմի նոր դարաշրջանի մասին Սի Ծինփինի մտքերը մարքսիզմ-լենինիզմ, Մաո Ցզեդունի գաղափարների և Դեն Սյաոպինի տեսության շարունակությունն ու զարգացումն են… ինչպես նաև հանդիսանում են չին ժողովրդի մեծ վերածննդի համար ժողովրդի և կուսակցության կողմից իրականացվող գործողությունների ուղեցույց», - ասվում է կուսակցության կանոնադրության վերանայման նախագծի վերաբերյալ Չինաստանի կոմունիստական կուսակցության XIX համագումարի ընդունած բանաձևում:
«Չինական առանձնահատկություններով սոցիալիզմի կառուցման նոր դարաշրջան»-ի հայեցակարգն առաջին հերթին ենթադրում է շարքային չինացիների բարեկեցության բարձրացում: Եթե չինական տնտեսությունը նախկինում զարգանում էր արտահանման ապրանքների արտադրության հաշվին, ապա այժմ երկրի իշխանությունները ծրագրում են ավելացնել ներքին պահանջարկը: Նախատեսվում է միջին եկամուտ ունեցող հասարակության կառուցումը, և աղքատության հաղթահարումն ավարտել ՉԿԿ-ի 100-ամյակին ընդառաջ:
Համագումարի ժամանակ հնչած մյուս բավականին հավակնոտ խնդիրը մինչև 2035 թվականը շրջակա միջավայրը պահպանող արդիականացված նորարար տնտեսություն ստեղծելն է:
Հաջորդ հանգրվանը 2049 թվականն է՝ Չինաստանի ժողովրդական հանրապետության կազմավորման հարյուրամյակը: Մինչ այդ Չինաստանը պետք է ավարտի «արդիականացված սոցիալիստական պետության» կառուցումը:
Նշենք, որ բավականին հավակնող և առաջին հայացքից անիրականանալի այս խնդիրների իրագործումը միանգամայն իրական է. պաշտոնական տվյալներով Չինաստանի ՀՆԱ-ն 2013-2016 թվականներին աճել է տարեկան ավելի քան 6 տոկոսով և չինական տնտեսության զարգացման այս տեմպերը պահպանվում են:
Չինաստանի Կոմունիստական կուսակցության XIX համագումարի մյուս կարևոր արդյունքը՝ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի իշխանության ամրապնդումն է: Նա ոչ միայն վերընտրվեց կուսակցության առաջնորդի պաշտոնում, այլ նաև կարողացավ ամբողջությամբ թարմացնել կուսակցության Կենտկոմի քաղաքական բյուրոյի մշտական կազմը՝ նրանում ընդգրկելով իրեն հավատարիմ մարդկանց:
Ծինփինի իշխանության ամրապնդման մասին է խոսում նաև այն հանգամանքն, որ համագումարի ընթացքում որևէ կերպ չի նշվել, թե ով է լինելու նրա իրավահաջորդը: Սա թերևս նշանակում է, որ Ծինփինը պատրաստվում է մնալ կուսակցության առաջնորդի պաշտոնում նաև 2022 թվականից հետո: Ամենայն հավանականությամբ, երկրորդ 5-ամյակից հետո նա սահմանադրության համաձայն կթողնի Չինաստանի նախագահի պաշտոնը, սակայն Կոմունիստական կուսակցության առաջնորդի պաշտոնը և զինված ուժերի նկատմամբ վերահսկողությունը Ծինփինն մտադիր չէ թողնել: Այս մասին է վկայում նաև այն հանգամանքն, որ նրա գաղափարներն այս համագումարի ընթացքում ամրագրվեցին կուսակցության կանոնադրությունում: Նշենք, որ կուսակցության կանոնադրությունում մինչ այժմ հիշատակվում էին միայն Մաո Ցզեդունը և Դեն Սյապոնինը: Ընդ որում, «գաղափար» տերմինը կիրառվել է միայն Մաո Ցզեդունի հայեցակարգերի նկատմամբ, իսկ Սյաոպինի գաղափարախոսությունն անվանվում է ուղղակի տեսություն: Փաստորեն, Սի Ծինփինին հաջողվել է հավասարվել ՉԺՀ հիմնադիր հոր՝ Մաո Ցզեդունի հետ:
Պետք է նկատել սակայն, որ ներքին խնդիրների վրա համագումարի կենտրոնացումն ամենևին չի նշանակում, որ Չինաստանը հրաժարվում է գլոբալ հավակնություններից և գնում է ինքնամեկուսացման: Չինաստանի կոմունիստական կուսակցության համագումարը մեծ իրադարձություն էր ոչ միայն Չինաստանի ներքաղաքական կյանքի այլ նաև միջազգային հարաբերությունների համար: Համաշխարհային տնտեսությունն ուղղակիորեն կապված է Չինաստանի տնտեսության հետ և առաջիկա տարիների հեռանկարները գնահատելու համար անհրաժեշտ է հասկանալ ինչպես է Պեկինը պատրաստվում լուծել իր առջև դրված խնդիրները:
Մյուս կողմից համագումարի ժամանակ Պեկինն ոչ միայն հայտարարեց հզոր տերություն ստեղծելու իր կուրսի մասին, այլ նաև համաշխարհային առաջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին: Համագումարի ընթացքում Պեկինը միջազգային հանրությանը հասկացնել տվեց, որ չի պատրաստվում շեղվել սոցիալիստական զարգացման իր ուղուց և մտադիր է իր այդ փորձով կիսվել այլ ցանկացողների հետ ևս: