ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 3-ին հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի ալ Զիբարիի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջից:
Ողջունելով պատվիրակությանը` ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ իրաքցի խորհրդարանականների այցը կնպաստի հայ-իրաքյան զարգացող հարաբերությունների, հատկապես միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը:
Արա Բաբլոյանը կարևորել է Հայաստանի` արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը և այդ համատեքստում Իրաքի հետ համագործակցության սերտացումը բոլոր բնագավառներում:
Անդրադառնալով իրաքահայ համայնքին` Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Իրաքի ժողովրդի եղբայրական վերաբերմունքը քսաներորդ դարի սկզբում Իրաքում ապաստան գտած հայ գաղթականների և նրանց սերունդների նկատմամբ:
Արժևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում` ՀՀ ԱԺ նախագահը ընդգծել է պատգամավորական բարեկամության խմբերի արդյունավետ գործունեության կարևորությունը:
Արա Բաբլոյանը, արձանագրելով Իրաքի` աշխարհագրական առումով Հայաստանին ամենամոտ արաբական երկիրը լինելը, նշել է, որ մեծ է հայ գործարարների հետաքրքրությունը և համոզմունք հայտնել, թե մեծ է ներուժը ոչ միայն հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերությունների, այլև կրթական և մյուս ոլորտներում: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ պատրաստ են աջակցելու իրաքցի ուսանողներին` Հայաստանում կրթություն ստանալու, ինչպես նաև հայ բժիշկներ ուղարկելու Իրաք, որպեսզի բժշկական օգնություն ցուցաբերեն:
ՀՀ ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ-իրաքյան համագործակցությանն ուղղված ցանկացած նախաձեռնության և Իրաքի բարեկամ ժողովրդին մաղթել է խաղաղություն ու բարեկեցություն:
Աբդելբարի ալ-Զիբարին, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, և նշել, որ իրենք հպարտանում են Հայաստանի հետ հարաբերություններում արձանագրված հաջողություններով:
Ալ-Զիբարիի խոսքով` Իրաքում բարձր են գնահատում հայ համայնքի գործունեությունը և կարծում են, որ Իրաքի հայկական համայնքը պետք է ներկայացված լինի նաև խորհրդարանում: Անդրադառնալով Իրաքում տիրող իրավիճակին` պատվիրակության ղեկավարը նշել է, որ հակամարտություններից մեծապես տուժում է երկրի խաղաղ բնակչությունը: