Հայոց պատմության մի ողջ ժամանակաշրջան կներկայացվի համաշխարհային հեղինակավոր մշակութային կենտրոններից մեկում` Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում, հայտնում է «Հայերն այսօր»-ը:
Ցուցահանդեսի մասին մանրամասներ ներկայացրեց «Մետրոպոլիտեն»-ի Միջնադարյան արվեստի և վանքերի վարչության Բյուզանդական բաժնի համակարգող Հելեն Էվանսը:
«Ցուցահանդեսում կներկայացվի վաղ միջնադարից մինչև 17-րդ դար հայոց պատմությունն ու մշակույթը` քրիստոնեության ընդունելության, Մեսրոպ Մաշտոցի կողմից Հայ գրերի ստեղծման ու դրա ազդեցության, Կիլիկիայի Հայոց թագավորության տարիների մասին ցուցանմուշներ, տարբեր դարերի ձեռագրեր, հայերեն առաջին տպագիր գրքեր»,- տեղեկացրեց Հելեն Էվանսը:
Ցուցադրությունը հիմնականում կազմված կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի, Մատենադարանի և Պատմության թանգարանի նմուշներից, նաև կներառվեն Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցու, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Մխիթարյան միաբանությունում պահվող հայ միջնադարյան մշակույթի որոշ գանձերից, նմուշներ կտրամադրեն «Գյուլբենկյան» հիմնարկությունը և որոշ ոչ հայկական աղբյուրներ: