ԱԺ-ում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ հայկական պատվիրակությունը երեք օր է, որ վերադարձել է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովից՝ հավելելով, որ պետք է վերագնահատել եվրոպական կառույցների հետ խորհրդարանական համագործակցության կարևորությունը, փոխանցում է Panorama.am-ը:
«Վերագնահատման հիմքում պետք է ընկած լինի շրջանակային նոր համաձայնագրի ստորագրման ակնկալվող փաստը: Եվրոպական խորհրդարանի հետ մեր աշխատանքները նոր որակ պետք է ստանան: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ եվրոպական կառույցները խոշոր քաղաքական օրակարգի մաս են և Հայաստանի պետական շահերը առաջ մղելու գործում եվրոպական ինստիտուտների դերը շատ հատկանշական է:
Երրորդ կարևոր հանգամանքն այն է, որ ԵԽԽՎ-ում հայտնի կոռուպցիոն սկանդալների բացահայտումներից հետո տեսանելի են ադրբեջանական լոբբիզմի անառողջ դրսևորումները: Եվ վերջապես չորրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Արևելյան գործընկերության ձևաչափում ներառված երկրները երկկողմ հարաբերությունների տեսանկյունից կարևոր երկրներ են և ճիշտ կլինի այդ հարթակն օգտագործել»,- նշեց բանախոսը: