Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել արցախցի պետական-հասարակական գործիչ, գրող, մանկավարժ Սարգիս Աբրահամյանի հիշատակին նվիրված հարթաքանդակի հանդիսավոր բացման արարողություն: Այս մասին տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Սարգիս Աբրահամյանը մեկն է արցախցի այն պայծառ մտավորականներից, ով մտահոգված լինելով հինավուրց լեռնաշխարհի ճակատագրով, սերունդների կրթման և հայեցի դաստիարակման խնդրով, իրենից կախված հնարավոր ամեն ինչ անում էր Բաքվի հայատյաց քարոզչությանը հակազդելու, հայկական կրթօջախների լավագույն ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար: Որպես գրող, մանկավարժ, անուրանալի է նրա դերը նաև Արցախի գրական ընտանիքի համախմբման, հայրենաշունչ, գեղարվեստական հնչեղ ստեղծագործությունների արարման գործում: Այդ տեսանկյունից հատկանշական է Սարգիս Աբրահամյանի <<Սերունդների հետ>> երկհատոր վեպը, որը հրատարակվելուն պես, լայն արձագանք գտավ ըներցողների շրջանում` արժանանալով գրականագետների բարձր գնահատանքին:
Իր խոսքում Արցախի գրողների միության նախագահ, բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանն արժևորելով Ս.Աբրահամյանի գրական ժառանգությունը և պետական, հասարակական գործունեությունը, նրան բնութագրեց հայրենիքին անմնացորդ նվիրված մի անձնավորության, ով իր ազնվությամբ, բարությամբ և իմաստությամբ մարդկանց հիշողության մեջ միշտ մնալու է որպես լուսավոր կանթեղ:
Հանդիսությանը սիրված գրողի մասին ջերմ խոսքեր ասացին ու նրա վաստակը բարձր գնահատեցին նաև Ստեփանակերտի պատվավոր քաղաքացի, հանրապետության վաստակավոր մանկավարժ Սվետլանա Դավթյանը, գրող, գրականագետ Սոկրատ Խանյանը, մայրաքաղաքի թիվ 8 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռուզաննա Աբրահամյանը, հարթաքանդակի հեղինակ, քանդակագործ Ալբերտ Հարությունյանը: