Լիբանանի հրաժարական տված վարչապետ Սաադ Հարիրին երեքշաբթի լքել է Էր-Ռիյադը և այցով մեկնել է ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու-Դաբի: Ինչպես փոխանցում է Al Mustaqbal հեռուստաալիքը, Հարիրին մտադիր է հանդիպել Աբու-Դաբիի թագաժառանգ արքայազնի՝ ԱՄԷ-ի զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ Մուհամմեդ բեն Զաիդ Ալ Նահայյանի հետ:
Հիշեցնենք, նոյեմբերի 4-ին Սաադ Հարիրին Էր Ռիադ այցի ժամանակ հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Իր որոշումը նա բացատրել էր մահափորձի սպառալիքով։ Հարիրին մեղադրել է «Հըզբոլլահին» և Իրանին արաբական աշխարհում և, մասնավորապես, Լիբանանում ատելության բռնկման մեջ։ Ե՛վ Հըզբոլլահը, և՛ Իրանը կտրականապես հերքում են Հարիրիի՝ իրենց ուղղված մեղադրանքները: Միևնույն ժամանակ Լիբանանի անվտանգության ուժերը հերքում են կառավարության ղեկավարի դեմ մահափորձի մասին լուրերը: «Այդ տեղեկության աղբյուրը ներքին անվտանգության ուժերն չեն և դրա մասին որևէ տեղեկություն չունեն», - ասվում է Լիբանանի անվտանգության ուժերի տարածած հաղորդագրությունում:
Փորձագետները նշում են, որ Լիբանանի կառավարության ղեկավարի հրաժարականում սաուդյան ազդեցությունն առավել քան ակնհայտ է: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանը բավականին կոշտացրել է Իրանի նկատմամբ Էր-Ռիադի քաղաքականությունը և այժմ որոշել է Իրանի հետ առճակատման գնալ Սիրիայից, Եմենից և Կատարից բացի նաև Լիբանանում: Ըստ որոշ փորձագտների՝ Իրանի հետ նոր առճակատումն այժմ թագաժառանգ արքայազնի համար բավական կարևոր է, որպեսզի սաուդյան հասարակության ուշադրությունը շեղվի ընդդիմադիր արքայազներից ազատվելու իր գործողություններից:
Սակայն, պետք է նկատել, որ Լիբանանի վարչապետի այս քայլը կարող է լուրջ ներքաղաքական ճգնաժամ առաջացնել հենց Լիբանանում: Իշխանության էթնոդավանական բաժանման պայմաններում Լիբանանում բավականին բարդ է նոր կառավարության ձևավորումը. սովորաբար դա հանգեցնում է ներքաղաքական երկարատև ճգնաժամի: Փորձագետների կարծիքով Հարիրիի հրաժարականը կարող է կասեցնել Լիբանանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Թերևս սա է պատճառը, որ պաշտոնական Բեյրութը Հարիրիի հրաժարականի վերաբերյալ դեռևս մեկնաբանություններ չի տվել: Նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ սպասում է քաղաքական գործչի վերադարձին հայրենիք՝ բացատրություններ ստանալու համար: