Հարավային Կորեայի պառլամենտում ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսքն ուղղելով ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինին, հայտարարել է. «Մի՛թերագնահատեք մեզ: Մի՛ փորձեք մեր համբերությունը»: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թրամփը վստահ է, որ Հյուսիսային Կորեայի կողմից ստեղծվող զենքը վերջինիս համար անվտանգության երաշխիք չէ: Նա կոչ է արել համաշխարհային առաջնորդներին՝ միավորել ուժերը՝ Փհենյանի ռազմականացմանը խոչընդոտելու և միջուկային ամբիցիաները զսպելու նպատակով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահն այս պահին շրջագայում է ասիական պետություններով: Այցի ողջ ընթացքում Թրամփի գլխավոր մտահոգությունը և հռետորաբանության կենտրոնական թեման Հյուսիսային Կորեայի գործողություններն են՝ մի շարք հրթիռային և միջուկային փորձարկումների անցկացումը՝ չնայած միջազգային հանրության առարկություններին և ՄԱԿ-ի պատժամիջոցներին:
Ավելի վաղ ելույթ ունենալով ՄԱԿ-ում՝ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և դաշնակիցների անվտանգությունը ապահովելու անհրաժոշտության դեպքում ԱՄՆ-ին այլ բան չի մնա, քան ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան: