Թուրքիայի փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուն մեջլիսում տեղի ունեցող 2018-ի բյուջեի քննարկումների ժամանակ իր ելույթում անդրադարձել է բյուջեի ծախսերին, այդ թվում ազգային փոքրամասնություններին տրվող հատկացումներին՝ պնդելով, թե Ստամբուլի ազգային փոքրամասնություններին պահ են տվել Թուրքիային։
Ինչպես փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով Ստամբուլի հայկական «Ակոս»-ին՝ փոխվարչապետի խոսքերին հակադարձել է Գարո Փայլանը. «Ոչ մեկի գերին չենք, ոչ էլ մեզ պահ են տվել։ Մենք հազարավոր տարիներ այստեղ ենք ապրում։ պահանջում ենք հավասար քաղաքացիություն։ Թուրքիան Լոզանի պայմանագրից հետ քայլ կատարած առաջին երկիրն է եղել, որն ունեցվածքի հարկ կիրառեց ազգային փոքրամասնություններին, բռնազավթեց դպրոցները, սկսեց չճանաչել պատրիարքարանի կարգավիճակը, փակեց կրոնական դպրոցները։
Հայ համայքն ունի խնդիրներ, որոնք շտապ կարգավորման կարիք ունեն։ Պետք է հիմնադրամների ընտրությունները կազմակերպվեն։ Պետք է ճանաչել պատրիարքարանի կարգավիճակը, բացել կրոնական դպրոցներ։ Պետք է հայ համայնքը արագ իրականացնի պատրիարքի ընտրությունները»,-ասել է Գարո Փայլանը։