Նոյեմբերի 9-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմին։ Այս մասին հայտնում է ԱԳՆ պաշտոնական կայքը:
ՀՀ ԱԳ նախարարի անունից ողջունելով ԵԽ բարձրաստիճան հյուրին` Կարեն Նազարյանը կարևորեց Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներում Կոնգրեսի տրամադրած փորձագիտական աջակցությունը, ի թիվս այլոց` 2016թ. հունիսին ստորագրված Ճանապարհային քարտեզի շրջանակներում։ Նա անդրադարձ կատարեց տեղական ժողովրդավարության ոլորտում Եվրոպայի խորհրդի օժանդակությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարներին:
Հանդիպմանը քննարկվեց նաև Եվրոպայի խորհրդի և, մասնավորապես, ԵԽ Կոնգրեսի հետ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք բարձր գնահատվեց կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունը՝ արձանագրելով ԵԽ շրջանակներում Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարման հետևողականությունը և դինամիկ ընթացքը։