Իսրայելի ոստիկանությունը հաստատել է, որ քննիչները մի քանի ժամ հարցաքննել են վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ում նկատմամբ սկսվել է երկու հետաքննություն, որոնք կարող են հանգեցնել վարչապետի հրաժարականին, հայտնում է РИА Новости-ն:
Նեթանյահուին կասկածում են գործարար շրջանակների կողմից թանկարժեք նվերներ ստանալու, ինչպես նաև իսրայելական հրատարակչական ամենամեծ տներից մեկի՝ «Եդիոտ Ահրոնոտ»-ի սեփականատերերի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու փորձի մեջ, որպեսզի վերջիններս դրական լույսի ներքո լուսաբանեն կառավարության գործունեությունը: Փոխարենը, հրատարակչական տանը խոստում էր տրվել օրենք ընդունել, որը կսահմանափակեր վերջիններիս գլխավոր մրցակից «Իսրայել հա-Յոմ» անվճար օրաթերթի հնարավորությունները:
Նեթանյահուին հարցաքննել են արդեն 5-րդ անգամ: Քննիչների հետ նրա վերջին հանդիպումը կայացել է մարտին: Այժմ ոստիկանությունը վարչապետի գործով ունի պետական վկա՝ Նեթանյահուի գրասենյակի նախկին ղեկավարը, ով համաձայնել է ոստիկանության հետ կիսվել իր ունեցած ողջ տեղեկությամբ՝ սեփական զանցանքների համար պատժի մեղմացման դիմաց: