25 տարեկան Նադեժդա Բենկլյանը Վրաստանի առաջին և թերևս միակ կին օդաչուն է։ Նա մի քանի ամիս առաջ սկսել է աշխատել վրացական «Georgian Airways» ավիաընկերությունում և ապացուցել, որ կինը կարող է տղամարդու մասնագիտությամբ զբաղվել և ինքնաթիռ վարել նույնքան լավ, որքան տղամարդը։
Sputnik Գրուզիային տված հարցազրույցում Նադեժդան պատմել է, որ հայրն ավիատոր է եղել:
«Երբ ես մոտավորապես 15 տարեկան էի, առաջին անգամ հորս հետ երկինք բարձրացա, և ինձ շատ դուր եկավ։ Հենց այդ պահին ինձ մոտ միտք հղացավ` իսկ ինչո՞ւ օդաչու չդառնալ։ Իհարկե, այն ժամանակ ես այդ մասին ոչ մեկի չասացի։
Իմ մտադրության մասին ծնողներիս հայտնեցի միայն այն ժամանակ, երբ ավարտեցի դպրոցը։ Նրանք զարմացան, բայց ասածս լուրջ չընդունեցին։ Հայրս խորհուրդ տվեց հրաժարվել այդ մտքից։ Իսկ մայրս ասաց, որ անդադար նայում է երկնքին և սպասում հորս վերադարձին և չի ուզում նաև ինձ սպասել։ Չնայած դրան, ես շարունակում էի պնդել, փորձում էի համոզել ծնողներիս և արդյունքում կարողացա հասնել ուզածիս։ Այդպես ես հայտնվեցի Վրաստանի Ավիացիոն համալսարանում»,- ասել է Նադեժդան:
Պատասխանելով հարցին, թե ինչպիսին է լինում կին օդաչուի սովորական օրը, Նադեժդան մասնավորապես պատասխանել է. «Երեկ ես երկու թռիչք ունեի։ Սկզբում մենք հավաքվում ենք օդաչուների դեպարտամենտում և ուսումնասիրում եղանակային առանձնահատկությունները, վերլուծում առաջիկա թռիչքը, որոշում հրամանատարի հետ, թե որքան վառելիք է պետք, ամեն ինչ մանրակրկիտ քննարկում ենք… Այնուհետև ես բարձրանում եմ օդանավ, նախապատրաստում եմ ինքնաթիռը, սրահը չվերթի համար և ճամփա ընկնում»։