Մենք չպետք է գնանք այն հակադրությանը՝ գիտությո՞ւնն է կարևոր, թե՞ անվտանգությունը. մենք միաժամանակ ստիպված ենք դրանք համադրել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներին և դրա շուրջ ստեղծված աղմուկին՝ մասնավորապես, դասադուլներին, հայտնում է Panorama.am-ը:
«Ես կարծում եմ, որ Հայաստանում անպայման կգտնեն այս հարցի ճիշտ լուծումը: Արցախում վաղուց է այդպես, որևէ տարկետման իրավունք չկա: Միայն առողջության հետ կապված հարցը կարող է երիտասարդին ազատել բանկից ծառայելու հանգամանքից: Անկախ նրանցից՝ երիտասարդները պետպատվերով են սովորում, թե մասնավոր բուհում, 18 տարեկանից գնում են բանակ»,- նշել է Ղուլյանը:
Հարցին, թե Արցախում պաշտոնյաների որդիներն էլ ե՞ն բանակ գնում, Ղուլյանը հաստատեց՝ այո, բայց անուններ չտվեց:
«Ես չեմ ցանկանում անձնական օրինակներ բերել, բայց բոլոր պաշտոնյաների որդիները՝ Հանրապետության նախագահի որդուց սկսած՝18 տարեկանը լրանալուց հետո ծառայում են»,- ասել է խորհրդարանի նախագահը: