Նոր Զելանդիայում ներկայում ապրում է մոտ 200 հայ, ովքեր հիմնականում Իրաքից են, Իրանից, Լիբանանից, մասամբ, Հայաստանից, փոխանցում է ԱՐՄԵՆՊՐԵՍԸ:
Տեղի հայերը հիմնականում բնակվում են Օքլենդ և Վելլինգտոն քաղաքներում: 1996թ.-ից գործում է Նոր Զելանդիայի հայկական միությունը, որի նպատակն է հայապահպանությունը և մանուկների հայեցի դաստիարակությունը։ Հայկական միության ղեկավար Նուբար Յաղուբյանը նշեց որ հայապահպանությանն ուղղված աշխատանքներում ջանք չեն խնայում:
«Այստեղ հայ համայնքը փոքրաթիվ է ու ցրված: 1996թ. գործում էր հայկական դպրոց, սակայն այն փակվեց՝ նոր աշակերտներ չունենալու պատճառով: Հայոց լեզվի պահպանության հարցը լուրջ խնդիր է: Կան խառն ամուսնություններ: Այժմ համայնքի ջանքերով նախատեսում ենք մոտ ապագայում Օքլենդում վերաբացել հայկական կիրակնօրյա դպրոցը»,-ասաց Նուբար Յաղուբյանը:
Տարածքային առումով Հայաստանից հեռու, բայց հոգով մոտ հայ համայնքը տեղում պարտաճանաչ նշում է Հայաստանի հետ կապված տոները, անդրադառնում հիշարժան օրերին: Ամեն տարի կազմակերպվում են միջոցառումներ նվիրված՝ ՀՀ անկախությանը, Բանակի հիմնադրման օրվան և այլն: Հիշատակի միջոցառումներ են անցկացվում Հայոց ցեղասպանության տարելիցի օրը:
Տեղի հայերը առաջատար բժիշկներ են, մանկավարժներ, բանկային և ՏՏ ոլորտի մասնագետներ: