Այսօր՝ նոյեմբերի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատում՝ արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամ Քրիստոֆ Ֆրասային, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել խորհրդարանականների ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում։
Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև հաստատված ամուր փոխգործակցությանը՝ այդ թվում միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման, խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեության, ինչպես նաև` տարածաշրջանային և միջազգային կարևորության խնդիրների շուրջ:
Էդվարդ Նալբանդյանն ու Քրիստոֆ Ֆրասան քննարկել են 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ֆրանսիացի սենատորին ներկայացրել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։