«Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի քվեարկության կարգում կարևոր փոփոխություններ են իրականացվել: Ըստ նոր կարգի՝ այս տարի մասնակից երկիրը օնլայն քվեարկության միջոցով կկարողանա քվեարկել նաև իր պատվիրակի օգտին: Քվեարկությունը կմեկնարկի նոյեմբերի 24-ից www.junioreurovision.tv կայքում, որտեղ հնարավոր կլինի դիտել բոլոր 16 մասնակիցների ելույթների նախնական տարբերակները: Հեռուստադիտողը ելույթը դիտելուց հետո կկարողանա միաժամանակ քվեարկել 3, 4 կամ 5 մասնակցի օգտին: Այս մասին հաղորդում է Eurovision.am-ը:
Քվեարկությունը կավարտվի նոյեմբերի 26-ին` մրցույթի օրը` անմիջապես շոուից առաջ, և կվերաբացվի մրցույթի ընթացքում՝ բոլոր 16 ելույթներից հետո: Տվյալ քվեարկությունը կտևի 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն կվերածվի միավորների, որը կդառնա մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը կձևավորվի ժյուրիի գնահատականի հիման վրա: Հաղթող կճանաչվի ամենաշատ միավոր հավաքած մասնակիցը: