Օրերս Վիետնամում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումն աչքի ընկավ նաև նրանով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ Սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: Ըստ հայտարարության՝ Սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի, իսկ քաղաքական կարգավորումը պետք է գտնել Ժնևյան գործընթացի շրջանակներում:
Նախագահները դրական են գնահատել Սիրիայում ռուս և ամերիկացի զինվորականների միջև վտանգավոր միջադեպերը կանխելու ջանքերը և հաստատել են առկա ռազմական շփումները պահպանելու պատրաստակամությունը:
«Նախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը, տարածքային ամբողջականությանը և Սիրիայի աշխարհիկ բնույթին՝ ՄԱԿ-ի ԱԽ 2254 բանաձևին համապատասխան, ինչպես նաև կոչ են արել սիրիական բոլոր կողմերին ակտիվ մասնակցել ժնևյան քաղաքական գործընթացին և աջակցի դրա հաջողությանն ուղված ջանքերին», - ասվում է նախագահների համատեղ հայտարարությունում:
Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հայտարարության թերևս ամենակարևորը կետը Սիրիայի հարավ-արևմուտքում «անվտանգության գոտի» ստեղծելու մասին վերջնական համաձայնությունն է:
Հիշեցնենք, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հորդանանի միջև Սիրիայում հրադադարի մասին համաձայնագիր է կնքվել է ընթացիկ տարվա հունիսի 7-ին Համբուրգում կայացած «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակներում: Համաձայնագիրը նախատեսում է «անվտանգության գոտու» ստեղծում Դարաա, Կունեյտրա և Սուեյդա նահանգներում, ինչպես նաև սիրիա-հորդանանյան և սիրիա-իսրայելական սահմանին:
Համաձայնագրում նշվում է նաև, որ Սիրիայի հարավ-արևմուտքում անվտանգությունը պետք է ապահովի ռուսական ռազմական ոստիկանությունը՝ ԱՄՆ-ի և Հորդանանի զինված ուժերի հետ միասին:
Այս համաձայնագիրը լուրջ մտավախություն էր առաջացրել Իսրայելում: Թել-Ավիվում կարծում են, որ այն օրինականացնում է Սիրիայում իրանական զորքերի և Հզբոլլահի ներկայությունն՝ այդ թվում նաև ռազմական գործողությունների ավարտից հետո: