Աշխարհում նոյեմբերի 14-ը նշվում է որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր, հայտնում է Panorama.am-ը:
Դիաբետի միջազգային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ 1991 թվականից նշվող օրը խորհուրդ ունի բարձրացնելու բնակչության իրազեկվածությունը հիվանդության հիմնախնդիրների վերաբերյալ: Ի դեպ, նոյեմբերի 14-ն ընտրվել է ի պատիվ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգի, ով ինսուլինի ներարկման միջոցով փրկել է 14 տարեկան ծանր տիպի պատանեկան շաքարային դիաբետով երեխայի կյանքը և 1923 թվականին այս գյուտի համար արժանացել Նոբելյան մրցանակի:
Շաքարային դիաբետը բնորոշվում է որպես ոչ վարակիչ հիվանդության (ՈՎՀ) գլոբալ համաճարակ` հաշվի առնելով հիվանդության տարածվածության աշխարհագրական ընդլայնումը: ԱՀԿ տվյալներով` աշխարհում շուրջ 422 մլն մարդ ունի շաքարային դիաբետ: Հիվանդության գլոբալ տարածվածությունը կազմում է 8,5% և միտում ունի ավելանալու` հատկապես ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում: