ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում նոյեմբերի 14-ին խորհրդարան են այցելել Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի դասախոսները և ուսանողները, հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը:
Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետևել նիստերի աշխատանքին: Արդեն ավանդական դարձած բաց դասը վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է օրենսդիր իշխանության կազմավորման կարգը, նրա գործունեությունը, անդրադարձել երկրի տնտեսական խնդիրներին: Էդուարդ Շարմազանովը կարևորել է երիտասարդության մասնակցությունը պետության հասարակական և քաղաքական կյանքին և ուսանողներին խորհուրդ տվել լավ սովորել, ձգտել դառնալ արհեստավարժ մասնագետներ:
ՀՀ ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են տնտեսական աճին, ՀՀ պետական պարտքին, արցախյան հիմնախնդրին, արտագաղթին, ազգային ինքնության պահպանմանը: ԱԺ փոխնախագահը հորդորել է երիտասարդներին չհեռանալ հայկական արմատներից, գիտելիքները ծառայեցնել հայրենիքի շենացմանը: «Դուք երջանիկ սերունդ եք, որովհետև ապրում եք անկախ Հայաստանի Հանրապետությունում»,- խոսքն ամփոփել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Բաց դասն ամփոփվել է ավանդական լուսանկարով: