Prօwine China 2017. հայկական գինու և կոնյակի արտադրողները մտնում են չինական շուկա

20:44     14 նոյեմբերի, 2017

Հայաստանի զարգացման ու Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամների աջակցությամբ գինի, կոնյակ եւ այլ ալկոհոլային խմիչքներ արտադրող 13 ընկերություն նոյեմբերի 14-16-ը առաջին անգամ Չինաստանի Շանհայ քաղաքում մասնակցում են «Prօwine China 2017» ցուցահանդեսին։

Հայաստանի զարգացման հիմնադրամի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայաստանյան գինեգործությունը եւ կոնյակագործությունը ներկայացվում է միասնական տաղավարով։ Ոլորտը կառավարության գերակայություններից է, ուստի արտահանման ներուժ ունեցող ընկերությունների մասնակցությունը համաֆինանսավորվել է պետական աջակցության շրջանակում։

«Prօwine China»-ն ոլորտի միջազգային խոշորագույն ցուցահանդեսներից է, որին այս տարի մասնակցում է 650 ընկերություն 37 երկրից, սպասվում է 12 000-ից ավելի ներկրողների եւ մասնագետների այցելություն։ Հիմնադրամների ներկայացուցիչները միջազգային գնորդ կազմակերպությունների եւ դիստրիբյուտորների հետ նախնական ճանաչողական աշխատանք են կատարել՝ հայկական արտադրանքի նկատմամբ պահանջարկ ձեւավորելու նպատակով։


© armedia.am