Հնդկաստանի քաղաքացիներն այսուհետ կկարողանան Հայաստանի Հանրապետություն այցելելու համար մուտքի արտոնագիր ստանալ սահմանային անցակետերում, էլեկտրոնային վիզա համակարգով կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 16-ի նիստի օրակարգում:
Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում ազատականացնել մուտքի վիզայի հետ կապված հարաբերությունները Հնդկաստանի հետ, այդ թվում փոխադարձության հիման վրա: Ըստ հիմնավորման, որոշման ընդունումը պայմանավորված է Հնդկաստանի քաղաքացիներին՝ Հայաստան մուտքի արտոնագրի տրամադրման ռեժիմը դյուրացնելու անհրաժեշտությամբ:
Նշենք, որ 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հնդկաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 168 տոկոսով: