Ֆրանսիական Դեսին քաղաքը հաճախ անվանում են «Փոքրիկ Հայաստան»։ Եվ դրա համար պատճառները բազմաթիվ են: Օրինակ` այստեղ բնակչության գրեթե կեսը` 42 տոկոսը, հայեր են։ Փոխքաղաքապետն էլ է հայ։ Նա Ֆրանսիայի հավաքականի հայտնի ֆուտբոլիստներ Ջորկաեֆների ընտանիքից է:
Նա Դենիս Ջորկաեֆն է։ Հիմա Դեսինի քաղաքապետի մշակութային և միջազգային հարցերով տեղակալն է։ Նա իր աշխատանքը, մեծամասամբ, ծառայեցնում է հայերին։
«Մշակութային այն միջոցառումները, որոնք կազմակերպում եմ, հիմնականում միտված են հայկական մշակույթի տարածմանը, բայց քաղաքական հարցերից էլ անմասն չեմ մնում»,- Sputnik Արմենիային է հայտնել Դենիսի հայազգի փոխքաղաքապետը։
Հայկականության գրավչությունը նա փոխանցել է իտալական արմատներով ֆրանսիացի քաղաքապետ Լորեն Ֆոտրային, որը, կարծես, միացել է հայկական մեծ ընտանիքին։
«Լորեն Ֆոտրային շատ է հետաքրքրում Հայկական հարցը, նա պաշտպանում է արցախյան թեման, 3 անգամ միասին ենք եկել Հայաստան ու Արցախ։ Մեր քաղաքապետը հանդիպել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Նա գիտի մեր պատմությունը, դա շատ կարևոր է»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Դեսինում հայերին հարգանքով են վերաբերվում։ Հայերն աշխատասեր են, խելացի ու խաղաղ։
«Հայերը Դեսինում լավ ինտեգրված են ֆրանսիական կյանքին։ Այստեղ միշտ ասում են, որ հայերն օրինակ են ծառայում մյուսներին, որովհետև նրանք խոշոր առևտրականներ են, մասնակցում են Ֆրանսիայի տնտեսության զարգացմանը»,- պատմել է Ջորկաեֆը։
Հիմա Դեսինում գրեթե ամեն ինչ Հայաստանն է հիշեցնում։ Նախ՝ հայոց ցեղասպանության առաջին հուշարձանը Եվրոպայում կառուցվել է այստեղ`1972 թվականին։ Դեսինում կա հայկական եկեղեցի, մշակույթի տուն, հայկական հրապարակ, հայերեն անվանումներով խանութներ ու ապրիլի 24-ի անվամբ փողոց։